«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տույժ-տուգանքներից ազատվում են օրենքով

Տույժ-տուգանքներից ազատվում են օրենքով
11.12.2015 | 01:44

Վերջապես վարորդները հանգիստ շունչ կքաշեն անհարկի տուգանքներից և տույժերից։ Կառավարությունն իրականացրեց իր խոստումը` փոփոխություններ կատարեց ճանապարհա-տրանսպորտային և վարչական իրավախախտումների մասին օրենքներում՝ թեթևացնելով տույժերի և տուգանքների բեռը։
«Եթե վարորդը խաչմերուկը կամ գծանշանը դիտավորությամբ չի խախտել կամ վթարային վիճակ չի առաջացրել, կիրառվում է նախազգուշացում։ Այն դեպքերում, երբ վարորդը խախտումը կվերացնի տեղում, օրինակ, տեղազննման կտրոնը փակցված չէ, ու անմիջապես փակցվում է և նման այլ դեպքերում, տուգանք չի կիրառվի։ Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով ֆիքսված կասկածելի դեպքերը, որոնք վիճահարույց են, լուծվում են հօգուտ վարորդի։ Տուգանքներից ազատվում են նաև տաքսու վարորդները՝ գծանշված տեղում ուղևոր իջեցնելու կամ վերցնելու դեպքում։ Փոփոխված օրենքում հստակ սահմանված է՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում, տուգանվելուց հետո վարորդը զրկվում է վարորդական իրավունքից, դեպքը կրկնվելուց հետո սահմանվում է քրեական պատասխանատվություն։ Այն անձինք, ովքեր չեն հասցրել վճարել տուգանքի մայր գումարը, և սահմանված արտոնյալ վեց ամիսն արդեն լրացել է, նրանց ընդառաջ գնալով ևս վեց ամսով երկարացվում է մայր գումարի վճարման արտոնության ժամկետը»,- ասուլիսի ժամանակ երեկ տեղեկացրեց արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, միևնույն ժամանակ խստորեն զգուշացնելով, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այս արտոնությունը չի երկարացվելու։ Այնպես որ, ովքեր ուզում են խուսափել տույժ-տուգանքներից, լավ է, որ էս գլխից վճարեն մայր գումարը և, ինչպես ասում են, հանգիստ քնեն։ Մանավանդ որ այդ դեպքով ազատվում են ոչ միայն տույժ-տուգանքներից, այլև չեղյալ է համարվում գույքի վրա դրված կալանքը։
Այս ամենը, իհարկե, լավ է, սակայն մեզ հետաքրքրեց երկու հարց։ Առաջին՝ երբ սահմանվում է ոչ սթափ վիճակ ասվածը, օրենքով այդ սահմանումը հստակեցվա՞ծ է։ Գուցե ՌԴ-ում վարորդի համար մեկ բաժակ ալկոհոլը վթարի բույն է, սակայն հայի համար մեկ բաժակը խնդիր չէ։ Ո՞րն է երաշխիքը, որ ոստիկանը լուրջ խնդիրներ չի սարքի վարորդի գլխին։ «Օրենքում հստակ սահմանվել է՝ արյան մեջ 0,4 գրամից ավելի ալկոհոլի առկայության դեպքում համարվում է, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում»,- պարզաբանեց նախարարը։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ պետական ծառայողների և օլիգարխիայի ներկայացուցիչների թույլ տված խախտումներին, նախարարը վստահեցրեց, որ օրենքներում կատարված փոփոխություններն այդ հարցը չեն շրջանցել։ «Գործող ցանկից դուրս են բերվել բոլոր պետական համարանիշերը, բացառությամբ ԱԱԾ-ի, ՊՆ-ի և ոստիկանության վարչական մեքենաների համարանիշերի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Նշենք, որ տարվա ավարտին կառավարության այս սպասված որոշումը դեկտեմբերի 14-ին քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, ինչը նշանակում է, որ դրական փոփոխությունները շուտով կյանքի կկոչվեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ